.jpg)
ՌԴ նախագահի հետ որոշել ենք ուսումնասիրել գազի գնագոյացման ամբողջ մեխանիզմը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Հայաստանում գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ես նրան ասացի, որ իրականում 150 դոլարով գազ ստանում է ոչ թե Հայաստանը, այլ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը։ Մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը, նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան։ ՌԴ նախագահի համար այս ինֆորմացիան ինչ-որ առումով նոր էր․ երբ ես ասացի, որ գիտեք՝ իրականում էնպես չի, որ Հայաստանի բնակիչները էժան գազ են ստանում, որովհետև ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկն է Հայաստանում գազի գինը, նա այդ տեղեկատվության վրա զարմացավ և ասաց, որ ինքն անձամբ է հրահանգել, որ Հայաստանին էժան գազ մատակարարվի, և դա արել է որպեսզի Հայաստանի ժողովրդի համար գազն ավելի մատչելի լինի», - այսօր ասել է Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, Վ.Պուտինը նույնիսկ հիշեց, որ դա կատարել է Գյումրի կատարած այցի արդյունքներով, երբ շփվելով մարդկանց հետ, զգացել է, որ մարդկանց սոցիալական վիճակն այդքան էլ լավ չէ։
«Ես ասացի, որ, ցավոք, այդ որոշումը գործնականում այդքան էլ այդ նպատակին չի ծառայել։ Զրույցի արդյունքում մենք որոշեցինք, որ գնագոյացման ամբողջ սխեման կուսումնասիրենք և կփորձենք հասկանալ, թե ինչ շտկումներ կան անելու էդտեղ», - ասել է Ն.Փաշինյանը։