20/09/2018 11:40
Հնդկաստանում ավելի քան 30 մարդ է տուժել ինքնաթիռի ներսում ճնշման անկման հետևանքով
Այսօր առավոտյան Jet Airways հնդկական ավիաընկերության՝ Մումբայ-Ջայփուր երթուղով մեկնած ինքնաթիռի 30-ից ավելի ուղևորներ իրենց վատ են զգացել օդանավի սալոնում ճնշման անկման պատճառով, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Ուղևորները գանգատվել են քթից, ականջներից արյունահոսությունից և սաստիկ գլխացավերից:
Հեռուստաալիքի տվյալով՝ թռիչքից քիչ անց Boeing 737 ինքնաթիռում, որտեղ եղել է 166 ուղևոր, ճնշումն սկսել է կտրուկ իջնել: Ուղևորներն սկսել են գանգատվել վատ ինքնազգացողությունից:
Ինքնաթիռն շտապ կարգով վերադարձել է Մումբայ: Օդանավակայանում բժիշկներն առաջին օգնությունն են ցուցաբերել տուժածներին: Նախնական տեղեկատվության համաձայն՝ արտակարգ պատահարի պատճառ կարող էր դառնալ անձնակազմի սխալը, որը չէր միացրել հարկավոր ռեժիմը սրահում: