22/09/2018 13:20
Կաբինետներից դուրս եկեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը. Նիկոլ Փաշինյանի կոչը՝ համայնքների ղեկավարներին
Ընդունված է ասել, որ փող չկա պետական բյուջեում, բայց մեր պետական բյուջեն նման է մաղի, որի մեջ ուզում ենք ջուրը պահել, Արարատի մարզպետարանում համայնքապետերի հետ հանիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չի պահվում: Մեր բոլոր պետական կառույցներն, ըստ էության, կատարել են էդ մաղի անցքի դերը: Ամեն մեկն իրենց պուճուր հոսող անցքը որ փակեն, լրիվ ուրիշ տրամաբանություն կունենանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ «յոլլա գնացողի տրամաբանությունը պետք է փոխել զարգացողի տրամաբանության».
«Հիմա ձեր բոլոր գյուղերի բնակիչները կսկսեն գալ կառավարության դիմաց, բոլորն՝ առանց բացառության: Հարց է ծագում, բա համայնքները, մարզպետարաններն ինչի՞ համար են»:
Վարչապետն ասաց, թե պետք է վերանայել բոլոր այն պետական կառավարման մարմինների գոյության նպատակահարմարությունը, որոնք հարցեր լուծելու փոխարեն հարցեր են ստեղծում:
«Ամեն մարզպետ, ամեն գյուղապետ պետք է իր մարզի տվյալներին լիարժեք տիրապետի: Կաբինետներից դուրս եեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը, համայնքներում անցկացրեք, մարդկանց հետ շփվելով՝ անցկացրեք ձեր ժամանակը»,-հայտարարեց Փաշինյանը: