25/09/2018 11:00
ՇՊՀ դասախոս Հովհաննես Խորիկյանի հայցը բավարարվել է. նա կշարունակի դասավանդել բուհում
Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանը շահել է համալսարանի դեմ ներկայացրած հայցը։ Այսպիսով, Հովհաննես Խորիկյանը ոչ միայն կվերականգնվի որպես դասախոս, այլև նրան կտրամադրվի պարապուրդի ժամանակ չստացած աշխատավարձը։
«Այս որոշումը սպասելի էր, եթե Գագիկ Համբարյանի հայցադիմումը բավարարվել էր, իմը հաստատ կբավարարվեր», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանը։
Հիշեցնենք՝ դեռևս 2017 թվականին սեպտեմբերի 25-ին Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ՇՊՀ-ում ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից թույլ տրված անօրինականությունների վերաբերյալ։
2018 թվականի մարտի 15-ին ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատվեցին դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը։
Ազատումից մեկ ամիս անց դասախոսները հայց էին ներկայացրել ընդդեմ համալսարանի։ Գագիկ Համբարյանը շահել էր համալսարանի դեմ ներկայացրած հայցը հուլիս ամսին, Հովհաննես Խորիկյանի դատն ավելի շուտ էր նշանակված, սակայն գործը քննող դատավորին տեղափոխել էին Կոտայքի մարզ։