26/07/2018 17:38
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի հայցը բավարարվել է, դասախոսը կշարունակի աշխատել բուհում, կվարձատրվի նաև պարապուրդի համար
Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը շահել է համալսարանի դեմ ներկայացրած հայցը։ Այսպիսով, Գագիկ Համբարյանը ոչ միայն կվերականգնվի որպես դասախոս, այլ նաև նրան կտրամադրվի պարապուրդի ժամանակ չստացած աշխատավարձը։
«Իմ երեք պահանջներն էլ բավարարվեցին։ Ես ոչ միայն վերականգնվում եմ բուհում որպես դասախոս, այլ ինձ տրամադրելու են պարապուրդի ժամանակ չստացած աշխատավարձը, ինչպես նաև դատական բոլոր ծախսերը պետք է հոգա հակառակորդ կողմը՝ Շիրակի պետական համալսարանը»,- Aysor.am-ի թղթակցին ասաց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, դեռևս 2017 թվականին սեպտեմբերի 25-ին, Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ՇՊՀ-ում ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից թույլ տրված անօրինականությունների վերաբերյալ։
2018 թվականի մարտի 15-ին ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատվեցին դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը։
Ազատումից մեկ ամիս անց դասախոսները հայց էին ներկայացրել ընդդեմ համալսարանի։
Գագիկ Համբարյանի գործը վարույթ էր ընդունվել ապրիլի 13-ին, հուլիսի 12-ին ավարտվել է դատավարությունը և այսօր արդեն հրապարակվել է վճիռը։
Համբարյանի խոսքով, ցավոք, նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի նկատմամբ հաշվեհարդարը տեսել է համալսարանի անվան տակ։
«Մենք ստիպված էինք մեր պայքարն օրինական դաշտում համալսարանի դեմ անցկացնել, քանի որ այդպես էր նախատեսված կարգը»,- ասաց դասախոսը։
Ինչ վերաբերում է աշխատանքից ազատված մյուս դասախոսին՝ Հովհաննես Խորիկյանին, ապա նա ևս հայցը ներկայացրել է ապրիլի 13-ին։ Վերջինիս դատն ավելի շուտ էր նշանակված, սակայն, գործը քննող դատավորին տեղափոխել են Կոտայքի մարզ։
Երեկ արդեն Հովհաննես Խորիկյանին ծանուցագիր են ուղարկել, որ օգոստոսի 1-ին է սկսելու դատավարությունը։