Սևանա լճի ջրի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ բարձրացել է մոտ 3 սմ-ով. Բնապահպանության նախարար
28/09/2018 15:35

Սևանա լճի ջրի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ բարձրացել է մոտ 3 սմ-ով. Բնապահպանության նախարար

Սևանա լճի ջրի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ բարձրացել է մոտ 3 սմ-ով, ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Սևանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 3 սմ-ով: Սակայն ջրի քանակի հետ կապված կա հաստատված ծրագիր` մինչև 1903 մետր պետք է բարձրանա: Մակարդակի բարձրացումը մի մասով բնական երևույթների հետ է կապված», - նշեց նա:

Խոսելով լճում հայտնված ջրիմուռների մասին՝ նախարարը նշեց, որ դրանք ծածկել էին ողջ լիճը, իսկ նման դրսևորում վերջին տարիներին չէր եղել:

«Առաջին պատճառը շոգ եղանակն է, ապա` տեղումների պակասը, հարակից բնակավայրերից լիճ թափվող կեղտաջրերը: Վերջին մոնիտորինգի արդյունքում ֆոսֆորի պարունակությունը ևս զգալիորեն ավելացել է, ինչը բացասական երևույթ է», - նկատեց նախարարը:

Գրիգորյանը նաև ընդգծեց, որ նախարարությունը ձկնատեսակների վերականգնման նպատակով զգալի աշխատանք է կատարում և ծրագրեր մշակում: «Ներկայում նախնական հաշվարկներ են անում Սևանա լճում կողակի աճեցման նպատակով»,- նշեց նա:

Սևանա լճի ջրի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ բարձրացել է մոտ 3 սմ-ով. Բնապահպանության նախարար