09/11/2018 12:25
Հայաստանում թոշակառուների կյանքը փորձում են հետաքրքիր դարձնել. Նրանց կտարամադրվեն մշակութային միջոցառումների տոմսեր (Տեսանյութ)
Հայաստանի մշակույթի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները փորձում են հաճելի դարձնել կենսաթոշակի անցած մեծահասակաների կյանքը և նրանց հնարավորություն տալ մասնակցել մշակութային միջոցառումների։
«Տիկին Թանդիլյանի հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ մենք պետք է որոշ արտոնություններ ու հնարավորություններ տանք, որպեսզի նրանք կարողանան վայելել իրենց մնացած կյանքը։ Մշակութային գործիչների հետ քննարկումների արդյունքում բոլորս եկանք այն եզրակացության, որ ամեն միջոցառումից որոշ տոմսեր տրամադրելու ենք սոցիալական ապահովության նախարարությանը՝ բացառապես թոշակառուների համար», - նախաձեռնությունը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում, ըստ նախարարի պաշտոնակատարի, 4000-ից ավելի թոշակառու կարող է այցելել մշակութային միջոցառումների։ «Այսինքն՝ տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2000 թոշակառու կարող է այցելել թատրոն կամ համերգասրահ», - հստակեցրեց Մակունցը։
Իր հերթին ասուլիսին ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը նկատեց, որ Հայաստանում թոշակառուները արժանի են ավելիին, սակայն այս պահին պետության հնարավորություններն այդքան է։
«Մենք պատրաստվում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրենց կյանքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր դարձնել», - նկատեց Թանդիլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։