12/11/2018 12:26
Հայ վարորդների՝ 3-4 օր սահմանում գտնվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն օրեր շարունակ Վերին Լարսում վարորդների տեղաշարժի խոչընդոտման մասին.
«Այսօր «Shamshyan.com» կայքը հաղորդագրություն է տարածել «Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները պատանդ են մնացել. քաղաքացիներն ահազանգում են. «Առանց կաշառքի չենք կարողանում հատել սահմանը» վերնագրով, որում, մասնավորապես նշվում է, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ՝ ավելացնելով, որ ըստ քաղաքացիների՝ արդեն 3-4 օր է նրանք անորոշության մեջ են հայտնվել:
Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ Վրացական կողմը նշում է, որ որևէ խցանում ոչ միայն այսօր չկա, այլև նախորդ օրերին չի եղել։ Իսկ ռուսական կողմից տեղեկացնում են, որ բեռնատար ավտոմեքենաների խցանում կա, որն առաջացել է նոյեմբերի 11-ին՝ օրվա երկրորդ կեսից սկսած։
Այն տեղեկատվությունը, որ հայ վարորդները 3-4 օր է գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։