22/11/2018 15:00
Դանիան կասեցնում է զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա
Դանիայի իշխանությունները որոշել են կասեցնել Սաուդյան Արաբիային զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման թույլտվությունների տրամադրումը, հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Գործակալության տվյալով՝ այդ որոշումը կապված է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի և Եմենում տիրող բարդ քաղաքական իրադրության հետ: Սամուելսենը նշել է, որ որոշումն ընդունել են ԵՄ-ի անդամ մյուս պետությունների արտաքին գործերի նախարարների հետ վերջերս կայացած խորհրդակցությունների արդյունքում:
Արտահանման կասեցումը կվերաբերի նաև կրկնակի նշանակության մի շարք տեխնոլոգիաների:
Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Նորվեգիան, հայտնել են Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումները դադարեցնելու մասին: Նոյեմբերի 14-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել ԵՄ-ի երկրներին՝ շտապ կարգով բռնարգելք սահմանել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումների վրա: