16/01/2019 18:13
Պատգամավորներն առաջարկում են որոշ քրեակատարողական հիմնարկներ թանգարանի վերածել
Նուբարաշեն քրեակատարողականը պիտի փակվի, որովետև այն Օսվենցինից (ֆաշիստական համակենտրոնացման ճամբար՝ Aysor.am) վատն է, ԱԺ ամբիոնից հայտարարեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց ոչ թե փակել Նուբարաշեն քրեակատարողականն, այլ այն դարձնել թանգարան.
«Ոչ թե փակենք, այլ թանգարանի վերածենք: Միտքը վաղուց ունեի, հետագայում կկիսվեմ», - ասաց Բաղդասարյանը:
Ի պատասխան Զոհրաբյանն արձագանքեց. «Գիտեք, շատ հետաքրքիր գաղափար է, մոտ մեկ ամիս առաջ Գորիս ՔԿՀ-ում էի, այն, եթե չեմ սխալվում, 1810 թ-ին ստեղծված կառույց է, ձիանոց է եղել, որը հետագայում վերածվել է քրեակատարողական հիմնարկի, այնտեղ հնչեցրի առաջարկ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը ֆանտաստիկ թանգարան կարող է լինել, Նուբարաշենի դեպքում էլ կմիանամ ձեր առաջարկին», - ասաց նա: