04/02/2019 18:06
Գործուղման մեկնում են որպես գիտաշխատող, վերադառնում՝ որպես գործազուրկ. ԵՊՀ աշխատակից
Երևանի պետական համալսարանի՝ ավելի քան 450 աշխատակցի աշխատանքից ազատելու որոշումը գիտության նկատմամբ վերաբերմունք է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Աննա Քոթանջյանը՝ հավելելով, որ խոսքը մի քանի հարյուր աշխատակցի մասին չէ, խնդիրը համակարգային բնույթ է կրում։
Հարցին՝ ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել վերոնշյալ 450 աշխատակիցները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ճիշտ այդքան մարդ է աշխատում ԵՊՀ գիտահետազոտական լաբորատորիաներում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով: Հենց այս որոշման արդյունքում էլ բազմաթիվ գիտաշխատողներ այսօր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև։
Աննա Քոթանջյանը տղեկացրեց, որ ԵՊՀ բոլոր լաբորատորիանում ու ենթակառուցվածքներում շատ արագ և բուռն քննարկումներ են ծավալվել, Գիտխորհրդի նիստեր են տեղի ունեցել։
«Կոնկրետ մենք՝ Ֆիզիկայի ֆակուլտետը և Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտխորհուրդները համատեղ, նիստեր ենք արել, որոշումներ ենք կայացրել։ Մեր դեկանի և ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ մեր որոշումը տարվել է կառավարություն։ Սա՝ անկախ համալսարանի Գիտխորհրդի որոշումից։ Հիմա սպասում ենք կառավարության որոշմանը։ Դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումը պետք է չեղարկվի։ Չգիտենք՝ ինչ ձևով էայս որոշումն ընդունվել, տեղեկություն չունենք։ Մեզ հետ չեն խորհրդակցել, մինչդեռ գիտության բնագավառում չհաշարկված և ցնցումներ առաջացնող ցանկացած որոշում կարող է կործանարար հետևաքներ ունենալ»,- ասաց Աննա Քոթանջյնաը՝ շեշտելով, որ գիտական կառույցները չպետք է փոշիացվեն։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատողը միաժամանակ տեղեկացրեց, որ գիտաշխատողի առավելագույն աշխատավարձը 80 հազար դրամ է։
«Մենք փողի կռիվ չենք անում, կարգավիճակի կռիվ ենք անում»,- նշեց Աննա Քոթանջյանը՝ նկատելով, որ շատ աշխատակիցներ գործուղման մեկնում են որպես գիտաշխատողներ, վերադառնում որպես գործազուրկ։