14/02/2019 17:00
Ադրբեջանի մոտեցումների մասին լռելը սեփական դիրքորոշման թուլությունը քողարկելու համար է եղել. Արման Մելիքյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ միաժամանակ շեշտելով, որ իր երկիրն այսօր առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։ Պարզելու՝ Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կիսո՞ւմ է այս տեսակետը, Aysor.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։
- Պարոն Մելիքյան, իսկապե՞ս բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի դիրքերն ավելի ամուր են։
- Համենայնդեպս, ադրբեջանական կողմի բանակցային մոտեցումներում իրավական և տրամաբանական խզումներ չկան, և դրանք հարմարեցված են թե՛ Մադրիդյան սկզբունքների դրույթներին, թե՛ հիմնավորում են պատերազմական գործողությունների վերսկսման միջոցով հակամարտության ճակատագիրն Ադրբեջանի օգտին լուծելու վերաբերյալ պնդումները: Բաքուն ասում է, որ Հայաստանն «օկուպացրել» է իր տարածքը և առանց ավելորդ սակարկությունների պետք է դուրս բերի իր զինուժն այնտեղից:
Հայաստանյան բանակցողներն էլ ընդունել են, որ «օկուպանտ» պետություն են ներկայացնում, քանի որ հայտարարում են, որ ինչ-ինչ պայմանների կատարման դիմաց պատրաստ են զորքը դուրս բերել: Սա մեր բանակցողների առանցքային ու ճակատագրական սխալն է եղել ի սկզբանե, որի հետևանքները կարող են անչափ ծանր նստել ողջ տարածաշրջանի վրա, եթե դրանք շտկելու համար ամենամոտ ապագայում ՀՀ գործող իշխանությունների կողմից արդյունավետ քայլեր չնախաձեռնվեն:
- Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Որքանո՞վ կառուցողական է ներկա շրջափուլում նման հայտարարություն անել։ Սա միայն ներքի՞ն, թե նաև արտաքին լսարանին ուղղված ազդակ է։
- Սովորաբար պաշտոնական Բաքվի հայտարարությունները նույնական են ներքին և արտաքին հասցեատերերի համար: Ադրբեջանական կողմը մշտապես ընդգծել է, որ Մադրիդյան սկզբունքների համատեքստում ԼՂ ինքնորոշման խնդիրը դիտարկում է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն՝ Արցախի բնակիչները կարող են որոշել՝ ինքնավարության իրավունք ստանալ Ադրբեջանի կազմում, թե երկրի մնացյալ վարչատարածքային միավորների հետ միասին միևնույն հիմքերով մաս կազմել ունիտար ադրբեջանական պետությանը:
Եթե մեր նախկին իշխանություններն ինչ-ինչ պատճառներով անտեսել և լռության են մատնել ադրբեջանական կողմի այս մոտեցումը, ապա, հավանաբար, դա արվել է սեփական դիրքորոշման թուլությունը քողարկելու համար: Բազմիցս ասել եմ, բայց կրկնեմ ևս մեկ անգամ՝ իրավիճակը հնարավոր է փոխել և մեր նոր բանակցային մոտեցումները կառուցել ամուր իրավաքաղաքական ու ռազմական հիմքի վրա:
- Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նախագահի՝ նշված հարցազրույցում հնչեցրած «Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք» արտահայտությունը։
- Նա իրեն կարող է այս կարգի շռայլություն թույլ տալ, քանի որ, ինչպես ասացի, ադրբեջանական կողմը բանակցային գործընթացի շրջանակներում ներդաշնակեցրել է իր մոտեցումները հակամարտության կարգավորման իրեն ձեռնտու և իրավաքաղաքական, և ռազմական հավանական լուծման տարբերակներին: Այսինքն՝ բանակցությունների ընթացքում այնպիսի դիրք է գրավել, որի շնորհիվ կարող է խաղաղ ճանապարհով հասանելի լուծումը բացառապես սեփական շահերի ապահովման տարբերակով ստանալ, հակառակ դեպքում էլ՝ ցանկացած պահի վերսկսել պատերազմական գործողությունները, դրանց «արդարացի պատերազմի» որակումը տալու համար նաև այս կերպ նախապես անհրաժեշտ լեգիտիմությունը հաղորդելով: