15/02/2019 13:26
Ջրօգտագործող ընկերություններում ստուգումները կավարտվեն մինչև մարտի 15-ն ու կտրվի համապատասխան ընթացք. Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայությունը խորը ուսումնասիրությունների փուլում է և այս պահին շարունակվում են ստուգումները քրեակատարողական վարչությունում, քրեակատարողական հիմնարկներում, իսկ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում ուսումնասիրություններն ավարտվել են, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ դեռևս չի կարող ներկայացնել ուսումնասիրությւոների արդյունքները:
«Համապատասխան ընթացքը մենք, բնականաբար, տալու ենք», - ասաց Դ. Սանասարայանը։
Նա նշեց, որ բավականին երկարատև ուսումնասիրություն է անցկացվում նաև Ջրօգտագործող ընկերություններում:
«Կառավարության նիստի ընթացքում էլ խոսեցինք այդ մասին։ Մարտի 15-ին ունենք վերջնաժամկետ ջրօգտագործող այդ կառույցներում ուսումնասիրություններն ամբողջությամբ ավարտելու ու համապատասխան ընթացք տալու համար։ Ուսումնասիրությունները շարունակվում են նաև Բժշկական համալսարանում», - ասաց Վերահսկողական ծառայության պետը։
Նա ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցը զուտ չարաշահումներ հայտնաբերելու խնդիր չունի:
«Մեր խնդիրը նաև կանխարգելումն է, ոլորտի առողջացումը, որը մենք անում ենք։ Վերահսկողություն ենք իրականացնում նաև գնումների վերաբերյալ ու այս ընթացքում մի քանի տասնյակ գնում ուղղակի կասեցվել է կամ փոխվել է դրանց տեխնիկական բնութագիրը», - ասաց Դավիթ Սանասարյանը։