22/02/2019 13:00
Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարել
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004- 2012 թվականները երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձևի նախագծին, որը պատրաստել էին ընդդիմադիրները, ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ:
Բանաձևի նախագիծը պատրաստել էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ բանաձևի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն է, նաև արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը և մեղավորներին պատժելը: Նախագծի համաձայն՝ դատախազությանը հանձնարարվում էր վեց ամսվա ընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը:
նախօրեին անցկացված քվեարկության արդյունքում բանաձևը պաշտպանել է 45 պատգամավոր, դեմ էր քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:
«Մենք, ընդհանուր առմամբ, պաշտպանում ենք բանաձևի բովանդակությունը, նաև այն կարծիքը, որ 2004-2012 թվականների ռեժիմը հանցավոր էր: Սակայն մենք դիտողություններ ունենք բանաձևի իրավական մասի վերաբերյալ: Եթե այդ մասը վերանայվի, ապա մենք պատրաստ ենք վերստին քննարկել նման բանաձևի ընդունումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: