.jpg)
04/04/2019 18:23
ՊՎԾ ազատ արձակված աշխատակիցը գործարքի է գնացել նախաքննական մարմնի հետ
Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, այնուհետև՝ կալանավորվել, այսօր ազատ է արձակվել:
ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանի խոսքով՝ նրա նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Aysor.am-ի տեղեկություններով, Գևորգ Խաչատրյանը գործարքի է գնացել նախաքննական մարմնի մարմնի հետ, ընդունել, որ կատարվել են անօրինական գործողություններ և պատմել, որ գործել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գիտությամբ:
Հիշեցնենք, որ բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված: Այդ հայտարարության հիման վրա Առողջապահության նախարարը նյութեր էր ուղարկել ԱԱԾ:
Գործով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը:
Նշենք նաև, որ լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են։