.jpg)
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Նկատենք, որ ըստ մամուլի հրապարակումների, դատավոր Ռուզաննա Բարսեղյանը ժամանակին պարգևատրվել է Քոչարյանի կողմից։
Այսօր Վերաքննիչ դատարանում նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք լինի այդ տեղեկությունը։
«Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը չհիշեց էդպիսի բան։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ԱՄՆ դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եվ եթե այս ամենը գումարենք, կստացվի, որ լավ դատավոր է, որ պարգևատրվել է», - ի պատասխան ասաց փաստաբանը։
Փաստաբանն, այդուհանդերձ, ասաց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու հիմքեր չի տեսնում։
Ինքը Ռոբերտ Քոչարյանը, այսօր ներկա է գտնվելու բողոքի քննությանը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք որևէ պաշտոնյա, բացի ընտանիքի անդամներից, փորձել է հանդիպել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանը ասաց՝ Մարդու իրավունքների պաշտպանը։
Մյուս հարցին, թե Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ, փաստաբանը արձագանքեց. «Չէ, իհարկե, չէ»։