05/04/2019 12:35
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը շատ հետաքրքիր մարտահրավեր է. Գարեգին Խումարյան
Հանրային հեռուստտառադիոընկերության խորհրդի՝ մարտի 3-ին տեղի ունեցած նիստում որոշում էր կայացվել Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին։
Aysor.am-ի թղթակիցը վերջինիս հետ զրուցել է ընտրության ընթացքի և առաջիկա անելիքների մասին։
- Պարոն Խումարյան, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Խորհրդի ընտրությունը հենց Ձեզ վրա կանգ առավ։ Ներկայացված ծրագրի՞, թե՞ մեկ այլ բանի համար։
- Ընտրությունը հենց ծրագրերի մեջ է եղել։ Իհարկե, ծրագրի համար։
- Ի՞նչ կա Ձեր կողմից ներկայացված ծրագրում, որ գրավեց Խորհրդի անդամներին, որո՞նք են լինելու Ձեր առաջին անելիքները՝ որպես Հանրային ռադիոյի տնօրեն։
- Սա այն հարցերից է, որ չեմ կարող կարճ պատասխանել։ Շատ մոտ ապագայում ծրագրային հոդվածով հանդես կգամ։ Այնտեղ անելիքներս շատ մանրամասն նկարագրված կլինեն։ Կարծում եմ՝ հոդված կհրապարակեմ, որն ամեն ինչ տեղը կգցի։
- Կողքից հայացք նետելով՝ Հանրային ռադիոյում անելիքները շա՞տ են, Ռադիոն արդիականացնելու կարիք կա՞։
- Սա զուտ մասնագիտական իմաստով հետաքրքիր մարտահրավեր է՝ շատ հետաքրքիր մարտահրավեր։
- Հանրային ռադիոյի անձնակազմի հետ ծանոթությունը կայացե՞լ է։
- Դեռ ոչ։ Նախատեսում եմ հանդիպել այսօր։
- Պարոն Խումարյան, ինչպե՞ս կարձագանքեք լուրերին, որ դուք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի մտերիմն եք, և այդ հանգամանքն էական ազդեցություն է ունեցել այս պաշտոնում ընտրվելու համար։
- Դա սուտ է։ Արա Շիրինյանի հետ հանդիպել եմ մեկ կամ երկու անգամ՝ շատ-շատ վաղուց՝ երևի 10 տարի առաջ։
- Այս պահին այլ զբաղվածություն ունե՞ք։
- Ոչ, բոլոր դիմումները տվել եմ։ Ես երկու գործատու ունեմ հիմա՝ մեկը «Լրատվական ռադիոն» է, մյուսը՝ Ֆրանսիայի միջազգային ռադիոն։ Երկու տեղում էլ խնդրել եմ ինձ ազատել աշխատանքից։ Կարծում եմ՝ արդեն ազատել են։