15/04/2019 12:53
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, որը կնախաձեռնի հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը. Գեղամ Գևորգյան
Հողային ռեֆորմները հիմնականում հողերի խոշորացում է ենթադրում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։
«ՀՀ-ում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործվում, սկսած նրանից, որ արդյունավետ չի դրանով զբաղվելը, վերջացրած նրանով, որ սեփականատերերի մոտ 20 տոկոսը ՀՀ-ում չեն գտնվում և չեն օգտագործում։ Հողային ռեֆորմի շրջանակում մենք պետք է իրականացնենք հողերի գույքագրում, բացահայտենք հողերը չմշակելու պատճառները, օրենսդրական փոփոխությամբ հանդես գանք, որը կնախաձեռների հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը», - ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ չեն ցանկանում որևէ մեկին զրկել սեփականության իրավունքից։
«Այսինքն՝ մարդը կմնա սեփականատեր, սակայն եթե հողը չի օգտագործում, դա կտրամադրվի վարձով։ Այստեղ նաև հողերի կոնսոլիդացիայի իմաստն ենք դրել, ժամանակին երբ հողերը բաժանվել կամ մասնավորեցվել են, ստացվել է այնպես, որ մարդը 1 հեկտար հող ունենա, բայց երեք կտորից բաղկացած, որոնք տարբեր տեղերում են գտնվում, ինչը բավական դժվարացնում է ագրոտեխնիկական միջոցառումը և ինքնարժեքի վրա լուրջ ազդեցություն է ունենում։ Կոնսոլիդացիայի միջոցով կկարողանանք համաչափ հողերն իրար կպցնել, տարբեր սեփականատերերի հողերի փոխանակում կազմակերպել», - նշեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը։