17/04/2019 13:40
Կարիք ունենք զարգացնելու փոքր ավիացիան. Հակոբ Արշակյան
Այս պահին մեր առաջնահերթությունների ցանկում երկաթուղին չկա, շեշտը դրել ենք ցամաքային ճանապարհներ կառուցելու վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդգծելով՝ «եթե շատ հարուստ երկիր լինեինք, զուգահեռ կսկսեինք մտածել նաև երկաթուղու մասին»։
«Ես չեմ տեսել այնպիսի գնահատական, թե օրինակ ի՞նչ արդյունքի կբերի դա, որքա՞ն կարժենա, արդյոք արժե՞, թե՞ չարժե երկաթուղի կառուցել և այլն։ Նման ուսումնասիրություն կատարելու համար լուրջ ուժեր են պետք։
Մյուս կողմից, մենք կարիք ունենք զարգացնելու փոքր ավիացիան։ Նախատեսվում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների վերանորոգում։ Արդեն իսկ մեկնարկել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղու վերանորոգումը, կմեկնարկի նաև ամբողջական ենթակառուցվածքի մեծացման նախագիծը՝ թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում։ Կապանի օդանավակայանը նույնպես վերանորոգվում է»,- ասաց նախարրաը։