05/06/2019 12:34
Հավակնությունները շատ ավելին են, քան այն, ինչ արձանագրվել է տնտեսությունում. Ատոմ Ջանջուղազյան
2018 թվականին արձանագրված 5.2 տոկոս տնտեսական աճի գերակշիռ մասը՝ 4.8 տոկոսը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
«Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրել՝ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 2018-ին արդեն տվել է, որովհետև այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը։ Մենք պետք է ջանք գործադրենք, որ կառուցվածքը տնտեսության փոխվի, բայց ավաղ ունենք 18-ի համար այն, ինչ ունենք», - ասաց նախարարը։
Խոսելով հեղափոխությունից հետո հասարակության մոտ ձևավորված սպասումների մասին՝ Ջանջուղազյանը նկատեց, որ այդ սպասելիքների ֆոնին շատ են եղել շահարկումներ տնտեսական, ֆինանսական, սոցիալական պարտավորությունները չկատարելու հետ կապված.
«Այս շահարկումների միջավայրը կարելի է հաղթահարել, բայց պետք է չմոռանանք, որ սպասումները էական դերակատարություն են ունենում մարդկանց վարքագծի փոփոխության տեսակետից։ Միևնույն ժամանակ որպես հաջողություն կարող ենք արձանագրել այն, որ հաջողվել է այդուհանդերձ դիմակայել՝ որևէ անկայունություն չի արձանագրվել», - ասաց նա։
Ջանջուղազյանը նաև նկատեց, որ հավակնությունները շատ ավելին են, քան այն, ինչ արձանագրվել է։