21/06/2019 12:51
Ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ. Վալերիյ Օսիպյան
Շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերը պահում են պետական սահմանը, և այդ առաջադրանքը կատարում են գերազանց։ Սա թիվ մեկ փոփոխությունն է, որը դուք տեսնում եք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Հարցին՝ արդյոք Երևանում շարունակվելու է ուժեղացված ծառայությունը, ոստիկանապետը դրական պատասխան հնչեցրեց։
«Այսուհետ դա մեր առօրյան է լինելու։ Մենք «ոչ» ենք ասել իրավախախտին, հանցագործին։ Օրենքը բոլորի համար է, և որևէ մեկը չի կարող սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ։ Ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ», - նշեց Օսիպյանը։
Լրագրողները ոստիկանապետից նաև հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իր ղեկավարած իրավապահ մարմինը թույլ չի տալիս «Վետօ» խմբի անդամներին բողոքի ցույց անկացնել Երևանում Բաց հասարակության հիմանադրամների գրասենյակի դիմաց։
«Յուրաքանչյուր գրասենյակ և կազմակերպություն ունի մուտք և ելք, և որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ մեզ համար մեկ անձնավորությունը նույնպես մարդ է, և մենք այդ քաղաքացու համար նույնպես պարտավոր ենք ծառայություններ մատուցել», - ասաց Վալերիյ Օսիպյանը։
Անդրադառնալով Հայաստանում մեկ քաղաքացու հաշվով ոստիկանների մեծ թվաքանակին՝ ոստիկանապետը, հակառակը, նկատեց, որ եվրոպական զարգացած երկրների համեմատ՝ Հայաստանում ոստիկանների թիվն այդքան էլ մեծ չէ։
«Ոստիկանությունում տեղի է ունենում օպտիմալացոում, և չի բացառվում, որ կրկնվող գործառույթներն ու ծառայությունները միավորվեն, դառնան մեկ ծառայություն», - ասաց նա։