21/06/2019 12:57
Վահե Գրիգորյանը կարող է հայտնվել քրեական տիրույթում, կարծում է Դավիթ Հարությունյանը
ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում, News.am-ին ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, չի բխում ՀՀ սահմանադրությունից։
«Փորձել արհեստական տարանջատում մտցնել Սահմանադրական դատարանի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի միջև, այնքան արհեստական է, որ հասնում է անհեթեթության։ Սահմանադրության անցումային դրույթները, որոնք շատ կարևոր են, պարունակում է հստակ դրույթ. ՍԴ նախագահի մասով հստակ նշված է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ 2018 թ. ապրիլի 9-ը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը, շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Հայերենին տիրապետող ցանկացած անձի առաջարկում եմ բացել Սահմանադրության 213-րդ հոդվածը, ընթերցել թեկուզ 10 անգամ և փորձել գտնել որևէ դրույթ, որտեղ գրված է, որ նա չպետք է շարունակի, որ նա այլևս դատարանի նախագահ չէ», - հայտարարեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները։
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փորձ է խեղաթյուրել Սահմանադրության իմաստը և դրանից եզրակացություններ անել։
«Այս պահին, բացի քաղաքական չեզոքությունը խախտելուց, Վահե Գրիգորյանն ընդմանենը մի անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ արդեն կհայտնվի քրեական տիրույթում», - ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: