01/08/2019 16:02
Սամվել Այվազյանի կալանքը չորս անգամ երկարացվել է նույն նյութերի հիման վրա. Պաշտպանը ահազանգում է աղաղակող խախտման մասին
Վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի (Շալո) սպանության նախապատրաստության համար հարուցված քրեական գործով նախաքննությունը դոփում է նույն տեղում։ Այդ գործով նոյեմբերի 9-ից կալանավորված Սամվել Այվազյանի կալանքի ժամկետը չորս անգամ երկարացվել է, բայց նախաքննությունն առաջ չի գնում։
Այվազյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանն Aysor.am-ին ասում է՝ դատարանները բավարարում են խափանման միջոց կալանքն ընտրելու մասին քննիչի միջնորդություններն այն դեպքում, երբ որևէ նորություն չկա քրեական գործում, որևէ տեղաշարժ չի կատարվում։
«Հայաստանի դատարանները Սամվել Այվազյանի կալանքի ժամկետի երկարաձգելու մասին որոշումները կայացրել են քրեական գործի այն նյութերի հիման վրա, որոնցով իրականացվել էր առաջին կալանավորումը։ Մինչդեռ, Հայաստանի օրենսդրությունը, Վճռաբեկ դատարանը և ՄԻԵԴ-ը կոնկրետ կարգավորել են այդ հարցը. չեն կարող կալանքի երկարացման համար հիմք ծառայել այն նույն նյութերն, ինչ եղել են խափանման միջոց կալանքի համար», - նշեց փաստաբան Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ առաջիկայում ավարտվում է Այվազյանի կալանքի 4-րդ ժամկետը և չի բացառվում, որ Քննչական կոմիտեի քննիչը հինգերերոդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացնի։
Հիշեցնենք՝ Սամվել Այվազյանի վերաբերյալ քրեական գործին Aysor.am-ը մանրամասն անդրադարձել էր այս տարվա սկզբին, ներկայացրել նրա ոդիսականը, կապը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դիպուկահարներից մեկի՝ Եվգենի Կաչակի հետ, ու տեղեկացրել, որ Այվազյանը կտրականապես մերժում է մեղադրանքը, չի ընդունում այն ու հայտարարում է, որ ինքն ընդհանրապես կապ չունի Շալոյի սպանության նախապատրաստման հետ։
Փաստաբանի խոսքով, հայաստանյան դատարանները որևէ կերպ չեն ցանկանում Սամվել Այվազայանի խափանման միջոցը փոխել, կիրառել գրավ և ավելին՝ կայացնում են կարծրատիպային որոշումներ՝ խախտելով Այվազյանի մի շարք իրավունքներ, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
«Ասեմ, որ միայն մեկ անձի, այն էլ՝ ակնհայտ ուղղորդված ցուցմունքով է Սամվել Այվազյանը կալանքի տակ։ Այդ անձը տվել է իրար հակասող ցուցմունքներ և որևէ այլ օբեկտիվ ապացույցներ քննիչը չի ներկայացնում մինչ այսօր: Նույնիսկ հետապնդման մարմնի կողմից չի ներկայացվում շարժառիթն՝ ինչո՞ւ Սամվել Այվազյանը պետք է ցանկանար Շալիկո Մանուչարյանին որևէ կերպ վնաս պատճառել», - նշեց փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ բոլոր դատական ակտերը բողոքարկված են, սակայն որևէ դրական ակնկալիք պաշտպանական կողմը չունի ներպետական ատյաններից Սամվել Այվազայանի իրավունքների և ազատությունների վերականգնման մասով, հետևաբար պաշտպանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Մինչ այդ, սակայն, Սամվել Այվազյանն իր իրավունքների խախտման մասին փորձել է ներկայացնել լրատվամիջոցներին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մամուլի ասուլիս հրավիրելու միջոցով, ու քննիչին այդ մասին միջնորդություն ներկայացրել։
Սակայն, փաստաբանի ներկայացմամբ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Մամիկոնյանը «կամայական մոտեցմամբ» մերժել է միջնորդությունը նշելով՝ «Քանի որ նախաքննության տվյալ փուլում չեն վերացել և շարունակվում են առկա լինել օրենքով սահմանված կարգով մեղադրյալ Սամվել Այվազյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերն ինչպես ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ սահմանափակելու հիմքերը, և քրեական գործի նախաքննության շահերից չի բխում մեղադրյալ Սամվել Այվազյանին թույլատրել հանդիպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»:
Այդ պատճառով փաստաբանի կողմից բողոք է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի թույլ տան լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեսակցել Սամվել Այվազյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Սամվել Այվազյանը եղել է «Կիոկուշին» ֆեդերացիայի փոխնախագահը, սպորտի վարպետ է, կարատեի նախկին մարզիչ։