04/08/2019 22:24
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեղադրանքով կալանավորված Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող Մարտի 1 -ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը այսօր, օգոստոսի 4-ին ազատ է արձակվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։
Պետրոսյանին դիմավորելու էին եկել նրա ընկերներն ու հարազատները։ Նա ուրախ էր և լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր փաստաբանը խոստացել է՝ մեղադրանքը կվերացվի։
Բանն այն է, որ այսօր լրացել էր Պետրոսյանի կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը այդ ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։
Նշենք, որ այսօր լրացավ Պետրոսյանի՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան ժամկետը երկարաձգելու հարցով:
Մարտիմեկյան իրադարձություններից տասը տարի անց ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբան Վաղարշակ Գևորգյանը հայտնել էր, որ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքը աբսուրդային է, և իր պաշտպանյալը շարունակում է չընդունել մեղադրանքը։ Ավելին՝ Գևորգյանը պնդել էր, որ փորձաքննությամբ պարզվել է, որ Մարտի 1-ին սպանված ցուցարար Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված փամփուշտը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի փամփուշտի հետ։