Մարդու գործունեության հետևանքով Սևանին 100-ավոր անգամներ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան կարող է Ամուլսարի գործունեության հետ կապված ֆորսմաժորի դեպքում լինել․ Փաշինյան
19/08/2019 21:26

Մարդու գործունեության հետևանքով Սևանին 100-ավոր անգամներ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան կարող է Ամուլսարի գործունեության հետ կապված ֆորսմաժորի դեպքում լինել․ Փաշինյան

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում, որ կառավարությանը հնարավորություն տաք, որպեսզի զբաղվի այս հարցով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին։

«Անկեղծ եմ ասում, չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակվում է Ամուլսարում։ Այդ գործողությունների նպատակը կարող է երկակի մտորումների տեղիք տալ։ Մենք պետք է բոլոր խնդիրներին լուծում տանք փաստերի հիման վրա, չենք կարող կայացնել չինֆորմացված որոշումներ, որի ճշմարտացիության մեջ մենք ինքներս համոզված չենք», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ կառավարության բոլոր գործողությունները հիմնված պիտի լինեն փաստերի վրա՝ կոչ անելով հնարավորություն ընձեռել կառավարությանն առանց նախապայմանների ծանոթանալ իրավիճակին․

«Խնդրում եմ մի՛ ասեք մեզ, որ միայն այսպիսի փաստերի պիտի հանգենք, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Մենք գնալու ենք օբյեկտիվ փաստերը գտնենք և մեր հնարավոր որոշումը հիմնվելու է փաստերի վրա՝ անկախ նրանից, թե ինչ փաստ ի հայտ կգա»։

Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ արվել է փորձաքննությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար՝ նկատելով, որ հայտարարվել է մրցույց, որի արդյունքում փորձաքննությունը վստահվել է «Էլարդ» ընկերությանը, իսկ փորձաքննությունը կառավարության վրա արժեցել է 400 հազար դոլար։

Փորձաքննությանն անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ ըստ դրա Ամուլսարի հանքի շահագործումը վտանգ չի պարունակում Սևանա լճի և Ջերմուկի ջրերի հանար։ Փաշինյանն ընդգծեց, եթե անգամ երկրաշարժի հետևանքով լցակույտերի ջրերը Սևանա լճում հայտնվեն, ապա մեծ վնաս չեն պատճառի։

«Եթե այդպիսի սցենար տեղի ունենա, այդ ազդեցությունը Սևանա լճի համար այնքան փոքր կլինի, որ սա հնարավոր չի լինի չափել, այսինքն, կներեք գրոտեսկ օրինակ բերեմ, եթե մեկը, ենթադրենք, Սևանի ափին իր մեքենան լվանում է, դա անշուշտ բնապահպանական վնաս է հասցնում Սևանա լճին, բայց այն այնքան փոքր է, որ մենք լաբորատորիայով սկսենք հետազոտել, չենք կարող գտնել այդ մեքենայի լվացման հետևանքով Սևանին հասցված վնասը, որովհետև դա այնքան փոքր կլինի, որ կլինի անչափելի։ Մի օրինակ էլ բերեմ՝ հիմա Սևանի ափամերձ բնակավայրերի և Սևանի ափին մարդու գործունեության հետևանքով Սևանին տասնյակ, եթե ոչ 100-ավոր անգամներ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան կարա Ամուլսարի գործունեության հետ կապված ֆորսմաժորի դեպքում տեղի ունենա», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը կարևորեց, որ «Լիդիանն» «Էլարդի» առաջադրած 16 մեղմման միջոցներից 10-ը իր ՇՄԱԳ-ում ներառել է, ևս 5-ը՝ կնախատեսի ըստ անհրաժետության։

«Այս պայմաններում հանքը շահագործվելու դեպքում շահագործվելու է շատ բարձր բնապահպանական ստանդատներում։ Մենք բերում ենք Հայաստանի համար համար աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտի», - ասաց նա։

Մարդու գործունեության հետևանքով Սևանին 100-ավոր անգամներ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան կարող է Ամուլսարի գործունեության հետ կապված ֆորսմաժորի դեպքում լինել․ Փաշինյան