03/09/2019 18:25
Ամուլսարի հանքի անվտանգ շահագործման դեպքում որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Ռոբերտ Ղահրամանյան
Փորձագիտական եզրակացությունները, որոնք Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահություն են ներշնչում։ Դրանց հավատալով՝ ես ասում եմ, որ համամիտ եմ հանքի շահագործմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորб պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ղահրամանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող հարցին, թե անվտա՞նգ է արդյոք հանքի շահագործումը։
«Ես ընդամենն առաջնորդվում եմ միջազգային փորձագիտական կազմակերպությունների այն տվյալներով, որ հանքի շահագործումը վնաս չի տալու ոչ շրջակա միջավայրին, ոչ հարակից բնակավայրում ապրող մարդկանց առողջությանը։ Նույնիսկ այսպիսի տեսակետ կա, որ անգամ երկրաշարժի դեպքում վնասները չնչին են լինելու։ Երբ նշվում է, որ տարերային աղետի դեպքում աղտոտված ջրերը պետք է հոսեն Սևան, իրականում այդ վնասն այնքան չնչին է լինելու, որ անգամ չափման ենթակա չէ։ Այնպես որ, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում։ Սա իմ՝ թեկուզև ոչ մասնագետի կարծիքն է», - ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման տնտեսական կողմին՝ արցախցի պատգամավորն ընդգծեց, որ թեև մասնագիտությամբ իրավաբան է և տնտեսական վերլուծություններ չի կարող անել, սական ակնհայտ է, որ հանքի անվտանգ շահագործումը լրացուցիչ մուտքեր է ապահովելու ՀՀ պետական բյուջե։