18 հազար զբոսաշրջիկ, նռան բերքի 80 տոկոս ավելացում. Արցախում պահպանվել է բարձր տնտեսական աճի ցուցանիշը
07/09/2019 11:20

18 հազար զբոսաշրջիկ, նռան բերքի 80 տոկոս ավելացում. Արցախում պահպանվել է բարձր տնտեսական աճի ցուցանիշը

2018 թվականը ամփոփել ենք բավականին բարձր տնտեսական աճի ցուցանիշներով, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախից հայտում է Aysor.am-ի թղթակիցը:

«Այս տարի բարձր աճի տենդենցը պահպանվել է և առաջին կիսամյակի արդյուnքներով արձանագրել ենք 9,6 տնտեսական աճ», - ասաց նա:

Պետնախարարի խոսքով՝ տնտեսական աճը հիմնականում ապահովվել է արդյունաբերության, մասնավորապես, այնպիսի ենթաճյուղի հաշվին, ինչպիսիք են մշակովի արդյունաբերությունն ու էներգետիկան:

«Դրան ի հակառակ՝ հանքարդյունաբերության ոլորտում ունեցանք չնչին նվազում», - ասաց նա:

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ շինարարության հաշվին ապահովվել է 1,5 տնտեսական աճի տոկոսային կետ:

Պետնախարարի խոսքով՝ այս տարի Արցախում տեղադրվել է ջրային ռեսուրսների օգտագործման մոնիթորինգի համակարգ:

«Գրեթե բոլոր հիդրոէլեկտրակայաններում արդեն իսկ տեղադրված են և մոտ ժամանակներս բոլորում կտեղադրվեն», - ասաց նա:
Պետնախարարը կարևորեց նաև Արցախում կոշիկի արտադրամասի հիմնումը, որը, նրա խոսքով, բավականին որակյալ արտադրանք է տալիս:

«Ավելի քան ութսուն աշխատատեղ է ստեղծվել այդ ընկերության կողմից, որը տալիս է իր դրական արդյունքները», - ասաց նա:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորեց գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը:

«Ինտենսիվ զարգացման տակ մենք հասկանում ենք, որ պետք է կիրառենք ագրոբիզնեսի այնպիսի մոդելներ, որոնք հնարավորինս կավելացնեն արդյունավետությունը, մասնավորապես, բերքատվությունը կամ մթերատվությունը», - ասաց նա:

Պետնախարարի խոսքով` 2018 թվականի արդյունքներով նռան բերքը ավելացել է ավելի քան 80 տոկոսով, որի գերակշիռ մասը մթերվում է հայաստանյան ընկերությունների կողմից:

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ, իրականում, 2019 թվականը Արցախում զբոսաշրջության զարգացման առումով շատ հագեցած էր:

«Արդյունքում մենք ունեցանք շուրջ 18 հազար զբոսաշրջիկ առաջին կիսամյակում, խոսքը միայն արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է, որը մոտ 18,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», - ասաց պետնախարարը:

18 հազար զբոսաշրջիկ, նռան բերքի 80 տոկոս ավելացում. Արցախում պահպանվել է բարձր տնտեսական աճի ցուցանիշը