09/09/2019 11:46
Հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020-ի չորրորդ եռամսյակը, ամենահավանական ժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանական տեսչական մարմնին հանձնարարական է տվել Ամուլսարում սկսել ստուգումներ՝ պարզելու մի շարք հարցերի պատասխաններ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր հայտարարեց ինքը՝ կառավարության ղեկավարը։
«Տեսչական մարմինը պետք է գնա և ստուգի հայտնի, հրապարակված փաստերը։ Կան կետեր, որոնց ստուգումը տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում։ Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը։ Այն հարցերը, որոնց պատասխանները չենք ունենա տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում։
Անկախ ամեն ինչից՝ ՀՀ կառավարությունն ունի հնարավորություն՝ իրականացնել ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ Երբ կարձանագրվի որևէ խախտում, կառավարությունն ունի լծակներ՝ դրանք չվերացվելու պարագայում հանքի շահագործումը մեկընդմիշտը արգելելու», - հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը միաժամանակ տեղեկացրեց, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020 թվականի չորրորդ եռամսյակը, սակայն ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է։