09/09/2019 15:02
Ամուլսարի հարցով վարչապետի որոշումը չի հակասում ժողովրդի շահերին, կարիք չկա բաժանելու ժողովրդի կողմ, ժողովրդի դեմ. Մակունց (Տեսանյութ)
Որպես քաղաքական թիմ ունենք մեր դիրքորոշումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով վարչապետի այսօրվա հայտարարությանը:
«Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքն, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում: Ընդ որում, եթե այս պարագայում նկատվի, որևէ շեղում նշված չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողություններն՝ ընդհուպ, եթե 90 օր ժամկետի պարագայում խնդիները չվերացվեն ցանկացած կարգի գործողությունները կդադարեցվեն: Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է և կիսում է», - ասաց Մակունցը:
Ճշտող հարցին՝ արդյոք այդ դիրքորոշմանը կո՞ղմ են նաև Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտված պատգամավորները՝ Մակունցը նշեց.
«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչ վարչապետը ներկայացրեց ուղիղ եթերում: Ամբողջ քննարկումը նույն թեմայով ու կետերով տեղի է ունեցել: Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, չի հնչել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, իսկ ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, արդյոք Փաշինյանի հայտարարությունը նշանակու՞մ է, որ իշխանությունը չի կանգնելու ժողովրդի կողքին, Մակունցն ի պատասխան կոչ արեց չբաժանել քաղաքաակն ուժերին «ժողովրդի հետ» և «ժողովրդի դեմ».
«Վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին և այստեղ կարիք չկա բաժանելու ժողովրդի կողմ, ժողովրդի դեմ, որովհետև կայացվում է որոշում ու բոլորս այնպիսի քայլերի ենք գնալու, որոնք որևէ կերպ չեն վնասի մեր պետական շահերին, բնակչությանն ու բնապահպանական շահերին»:
Մակունցը նաև պնդեց, որ խմբակցությունում այս կամ այն հարցի շուրջ տարրակարծությունը չի կարող պառակտման պատճառ դառնալ:
«Այն, որ խմբակցությնում կա բազմակարծություն, տարբեր տեսակետներ, բոլորովին չեմ դիտարկում պառակտման տեսանկյունից, հակառակը՝ համարում եմ դա մեր քաղաքական ուժի ամենաուժեղ կողմը և դրանից հրաժարվել մենք չենք պատրաստվում: Լինում են դեպքեր, երբ ինչ-որ հարցեր հապաղում են և գործընթացներ դանդաղում են հենց այն պատճառով, որ տեսակետների բախումը պիտի հանգեցնի կոնսենսուսի որոշման, բայց սա դիտարկել որպես պառակտում՝ ես չեմ կիսում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործման արգելման համար իրավական հիմքեր չկան՝ կոչ անելով բացել դեպի հանք տանող ճանապարհները: