09/09/2019 13:36
Ճանապարհը չենք բացելու. մենք մեկ տարի առաջ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակել ենք. Ջերմուկի բնակիչ
Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համայնքում կա լարվածություն և ջերմուկցիները նեղացած են վարչապետի կոչից՝ բացել հանքավայր տանող բոլոր ճանապարհները։
«Այս պահին համայնքում կա լարվածություն, բնակիչները շատ նեղացած են վարչապետի կոչից։ Քանի որ Ամուլսարի պայքարն ինքնաբուխ է ու ողջ համայնքն է ողջ խելամիտ հայության աջակցությամբ պայքարում, և այստեղ որոշումները կայացվել են ողջ համայնքի բնակչության հետ, մենք նախատեսել են երեկոյան ժողով անցկացնել», - ասաց Շիրակ Բունիաթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ որևէ իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար և ջերմուկցիներին պաշտոնապես խնդրեց ապաշրջափակել Ամուլսարի հանքավայր տանող բոլոր ճանապարհները։
«Համայնքի բնակչությունը միասին կքննարկի, մենք հարգում ենք մեր վարչապետին, ընդունում ենք հեղափոխությունը, միշտ աջակցել ենք հեղափոխության գաղափարախոսությանը, բայց սա արդեն նեղ անձնական հարց է, այստեղ մեր ծննդավայրն է, մենք ենք այստեղ ապրում և իրավունք ունենք որոշելու, թե ինչպես ենք ուզում ապրել», - ասաց Շիրակ Բունիաթյանը՝ ավելացնելով, որ քննարկումից հետո՝ երեկոյան կհայտնեն իրենց դիրքորոշումը վարչապետի հայտարարության վերաբերյալ։
«Դիրքորոշումը հստակ է, պարզապես պետք է հետագա անելիքները քննարկենք, մեր պայքարը միշտ բաց է եղել։ Ճանապարհը չենք բացելու, մենք մեկ տարի առաջ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակել ենք ու դա ոչ ոք չի կարող բացել», - նշեց Բունիաթյանը։