26/09/2019 10:55
Քիչ հավանական է, որ ԱՄՆ նախագահի իմպիչմենտի գործընթացը լուրջ հետևանքներ ունենա. Քաղաքագետ
Քիչ հավանական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը լուրջ հետևանքներ ունենա։ Սա նմանատիպ արդեն երրորդ գործընթացն է նրա դեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ նախագահ Թրամփի իմիպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ հայտարարությանը։
«Այստեղ պատճառը նրա խոսակցությունն է եղել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Դա գաղտնի զրույց է եղել այնպես, ինչպես ցանկացած երկու երկրների ղեկավարների փակ խոսակցություն։ Տեղեկություններ են տարածվել, որ այս խոսակցության ընթացքում Դոնալդ Թրամփը ստիպել է, որպեսզի Ուկրաինայում նախաքննություն սկսվի այդ երկրում աշխատող և բնակվող ԱՄՆ մի քաղաքացու դեմ։ Վերջինս ԱՄՆ նախագահի հիմնական թեկանածու Ջո Բայդենի որդին է։ Այստեղից էլ հենց սկանդալը հասունացել է», - նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գաղտնազերծելու ուկրաինացի գործընկերոջ հետ խոսկացության մանրամասները։ Զելենսկին նույնպես դեմ չէ, որ իրենց զրույցը գաղտանզերծվի։
«Հատկանշականն այն է, որ մի քանի կոնգրեսականներ միացել են իմպիչմենտի գործընթացին և կոչ են անում մյուսներին էլ հետևել իրենց օրինակին։ Իհարկե, իմպիչմենտի գործընթաց կազմակերպելը նրանց համար դժվար է լինելու՝ հաշվի առնելով, որ եթե անգամ Ներկայացուցիչների պալատում գործընթաց սկսվի, Սենատում մեծամասնությունը հանրապետականներ են, և այս ուղղությամբ դժվար թե քայլեր լինեն», - ասաց Սուրեն Սարգսյանը։
Նա միաժամանակ ուշադրություն հրավրեց այն հանգամանքի վրա, որ Թրամփի իմպիչմենտին բավական արագ արձագանքած մի քանի կոնգրեսականներ օրերս այցելելու են Հայաստան, և լավ չի լինի, որ ԱՄՆ նախագահի հետ վերջիններիս հակասություններն ազդեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավարն արձագանքել է Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը:
«ՄԱԿ-ում այդքան կարևոր օր է, այդքան աշխատանք և այդքան նվաճումներ, և դեմոկրատները միտումնավոր փչացրեցին և վարկաբեկեցին այն «վհուկների որսի» մասին հերթական անիմաստ սենսացիայով: Դա այնքան վատ է մեր երկրի համար», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: