27/09/2019 19:36
Բազմիցս ուղղորդված քննություն ենք տեսել, որի մասին աղաղակող փաստեր կան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
Այսօր քննարկվում էր մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված կալանավորման որոշման դեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Բավականին խոր քննարկումներ տեղի ունեցան։ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտումներ, այսինքն՝ կալանավորումն այնպիսի հանգամանքներով է հիմնավորել, որոնք հանգեցրել են ակնհայտ կոպիտ խախտումների։ Մենք ՀՀ արդսարադատության նախարարին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում ենք ներկայացրել», - նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ դատարանը նույնիսկ չէր կարող պատկերացնել՝ արդյոք մեղադրանք, նման հանցագործություն առկա՞ է, թե՞ ոչ։
«Բայց ինչ է արել դատարանը. դատարանը գրել է, որ մեղադրանքը, հիմնավոր կասկածն առկա է։ Հիմա, ցանկացած անձ, ողջամիտ դիտորդ, եթե ուսումնասիրի դատարանի որոշումներն ու նյութերը, կտեսնի, որ հիմքեր ընդհանրապես չկան։ Դատարանը չունի փաստական տվյալ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել, այսինքն՝ որոշել հանցագործություն կա՞, թե՞ ոչ», - շեշտեց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը համոզմունք հայտնեց՝ դատարանը պետք է վեր կանգնի անձերից, ինչը չի արել։
«Պարոն Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերվում է ձերբակալմանը, անձին կարող են ձերբակալել, եթե կան հիմքեր։ Մենք, նպատակից բացի, նաև դատարանում հիմքերն էինք վիճարկել։ Դատարանն արձանագրել է, որ հիմքերն առկա չեն։
Ձերբակալման հիմնավորվածությունն ավելի ցածր մակարդակում է գտնվում, քան կալանավորման։ Հարց է ծագում՝ եթե նույն նյութերի հիման վրա դատարանը չի կարողացել ձերբակալման հիմնավորվածությունը հաստատել, ինչպե՞ս եղավ, որ նույն նյութերի հիման վրա կալանավորման հիմնավոր կասկած հաստատեց, այսինքն՝ դատարանն ընդամենը մեխանիկական որոշում է կայացրել, և այն բոլոր միջնորդությունները, որ դատարանին մակագրվել են, հատուկ նպատաով նույն դատավորին են մակագրվել», - ասաց փաստաբանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ քրեական գործի շրջանակներում պետությանը գումար փոխհատուցվել է, սակայն, թե ո՞վ է փոխհատուցել և ի՞նչ հանգամանքներում՝ չցանկացավ անդրադառնալ։ Երեմ Սարգսյանը շեշտեց, եթե կա խնդիր, իր պաշտպանյալը պատրաստ է պատասխան տալ և երբեք չի փորձել թաքնվել քննությունից։
Հարցին՝ գրավի միջնորդություն ներկայացվե՞լ է, փաստաբանը դրական պատասխան տվեց։
«Մենք բազմիցս ուղղորդված քննություն ենք տեսել, որի մասին աղաղակող փաստեր կան», - ասաց Երեմ Սարգսյանը։