08/11/2019 13:24
Սա ի՞նչ վերաբերմուքն է խորհրդարանական պետության պատգամավորների նկատմամբ. Գևորգ Պետրոսյանն, ի նշան կառավարությանն ուղղված բողոքի, լքեց նիստերի դահլիճը
Ի նշան կառավարությանն ուղղված բողոքի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լքեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Պետրոսյանը ներկայացնում էր գործընկերների հետ հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեական գործ հարուցելու դեպքում պաշտոնավարման ժամանակավոր դադարը սահմանել նաև մասնավոր սեկտորի աշխատողների համար:
Պատգամավորը նկատեց, որ գործող օրենսգրքով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում նախատեսված է հանրային ծառայողների համար՝ պնդելով, որ եթե մասնավոր սեկտորի աշխատակիցը ինչ-որ կեղծիք է թույլ տվել և շարունակի պաշտոնավարել մինչև դատավարության ավարտը, ապա հեշտությամբ կարող է ամեն օր աշխատավայրում գտնվելով՝ վերացնել ապացույց հանդիսացող փաստաթղթերը:
Մինչդեռ նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած որոշումը Պետրոսյանը որակեց որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ պատգամավորների նկատմամբ:
«Որ ասում եմ կառավարությունը դժկամությամբ է տրամադրված, ասում են՝ «դու թշնամանք ես քարոզում», չկա տենց բան, ես կառավարությունում թշնամի չունեմ», - ասաց Պետրոսյանը:
Մասնավորապես, Պետրոսյանին չէր գոհացրել նախարարության եզրակացության մեջ եղած առաջարկը՝ փոփոխություն կատարել քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում՝ սահմանելով լիազորությունների ժամանակավոր դադարեցում ոչ միայն հանրային ծայողության մեջ գտնվողների, այլև բոլոր կասկածյալների և մեղադրյալների համար: Սա ըստ էության նույնությամբ կրկնում է այն առաջարկը, որն արվել է ԲՀԿ պագամավորների կողմից:
Պետրոսյանն անհարգալից որակեց նման վերաբերմունքը՝ պնդելով, որ երբ ինքն արդեն արել է հստակ առաջարկ, որի մասին նախարարությունը դեռ միայն մտադրություններ ունի ու դրա համար առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծին կողմ քվեարկելուց, ոչ այլ ինչ է, քան՝ «պոզ ու պոչ կպցնել» ԲՀԿ առաջարկած նախագծին:
«Ես արդեն առաջարկել եմ, իրենք մտադրությունների փուլում են: Վերջում հուզական պահը ընթերցեմ՝ «Ելնելով շարադրվածից՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից՝ դրանով նախատեսված կարգավորումները համադրելով շրջանառության մեջ դրված նախագծերի կարգավորումների հետ, արդյունքում ներկայացնելով միասնական նախագիծ»:
Սա ի՞նչ վերաբերմուքն է խորհրդարանական պետության պատգամավորների նկատմամբ: Մենք խնդիրը տեսնում ենք, այն իրականում կա: Հիմա կառավարությունն էլ ասում է՝ մենք մտադրություն ունենք, եկեք ձեռնպահ մնացեք քվեարկելուց: Ի նշան դժգոհության, հարգելով բոլորիդ՝ դուրս եմ գալիս քննարկումից: Սա անհարգալից վերաբերմունք է պատգամավորի նկատմամբ: Ոչ մեկ չի կարող ասել, որ խնդիրը չկա, պոզ ու պոչ են դնում», - ասաց Պետրոսյանը՝ լքելով հանձնաժողովի նիստերի դահլիճը: