.jpg)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիտարկելու է նվազագույնը 10 հազար քաղաքացու գործունեություն. Հարցազրույց Հայկուհի Հարությունյանի հետ
Aysor.am-ի զրուցակիցն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։
- Տիկին Հարությունյան, ինչպե՞ս եք պատկերացնում հանձնաժողովի առաջիկա աշխատանքները։ Ո՞րն է լինելու կառույցի հիմնական առաքելությունն ու նպատակը։
- Հանձնաժողովի անելիքները շատ պարզ, հստակ սահմանված են կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությամբ և ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական գործառույթներով։ Հակակոռուպցիոն գործունեության վերաբերյալ ծրագրային մասով պատասխանատվությունը կիսելու է նաև առաջիկայում ձևավորվող կոմիտեն, որն ունենալու է բացառապես քրեական վարույթների և հնարավոր կոռուպցիոն հանցագործությունների դեպքում գործողություններ իրականացնելու լիազորություն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն աշխատելու է բացառապես այն ուղղությամբ, որպեսզի պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործարքների հետևանքով առաջացած, պետությանը հասցված վնասները վերականգնվեն։ Հանձնաժողովն ունի մեկ առաքելություն՝ վերականգնել պետության նկատմամբ վստահությունը։ Մենք մեր գործունեության հիմքում ունենք միակ, ամենաառաջնային խնդիր՝ ՀՀ քաղաքացու շահի պաշտպանությունը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կարողանա իր գործունեությամբ կանխարգելել պաշտոնատար անձի վարքագծի մեջ առկա հնարավոր բոլոր այն տարրերը, որոնք նպաստում են կոռուպցիոն ռիսկերի տարածմանը։ Մենք առանց սահմանափակումների, թափանցիկ և հրապարակային գործունեություն ենք ծավալելու։
- Տիկին Հարությունյան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը տեսակետ է հայտնել, որ Ձեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի դերը սիմվոլիկ է, իսկ անդամներն ընտրվել են քաղաքական առևտրի արդյունքում։ Ի՞նչ կասեք այս մասին։
- Հանձնաժողովի վերաբերյալ մեկնաբանություններ այս պահին արվում են տեսականորեն։ Մենք փաստացի դեռևս գործունեություն չենք ծավալում։ Երբ սկսենք բուն աշխատանքները, այդ ժամանակ էլ, հավանաբար, ճիշտ կլինի հանձնաժողովի մասին գնահատականներ հնչեցնել։ Այս պահին որևէ գնահատական մեկնաբանելու նպատակահարմարություն չեմ տեսնում։ Կրկնում եմ՝ մեր գործունեության վերաբերյալ գնահատականներ կլինեն այն ժամանակ, երբ հանձնաժողովը տևական ժամանակ աշխատած կլինի։ Եվ նաև ուզում եմ ավելացնել՝ իրականում մեր գնահաականը պետք է հանրությունը տա։
- Տիկին Հարությունյան, ասացիք, որ փորձելու եք թափանցիկ աշխատել։ Այսինքն, որպես հանձնաժողովի նախագահ, երաշխավորո՞ւմ եք, որ Դուք և ձեր թիմը որևէ բանով կաշկանդված չեք լինելու հանրությանը ներկայացնելու այս կամ այն պաշտոնյայի կողմից հնարավոր կոռուպցիոն գործարքները։
- Իմ երաշխավորությունը ես ինքս եմ, իմ նախկին աշխատանքում դրսևորած համառությունը, իմ նկրտումները և կարողությունները, որ ձեռք եմ բերել փորձառության շնորհիվ։
Հ.Գ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը զրույցի ավարտին հավելեց, որ կառույցն ունենալու է շուրջ 40 հոգուց բաղկացած աշխատակազմ, որն իր տեսադաշտում պահելու և վերլուծելու է նվազագույնը 10 հազար հոգու՝ պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը։ Սա այն դեպքում, երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախկինում դիտարկել է մոտ 3500 պաշտոնյայի գործունեություն։