25/01/2020 10:19
«Հրապարակ». Կապանի քաղաքապե՞տը, թե՞ Սյունիքի մարզպետն է դիմավորելու վարչապետին՝ ասուլիս տալու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր, ժամը 11-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Վարչապետը Կապան է ժամանել երեկ երեկոյան: Դիմավորելո՞ւ եք վարչապետին՝ երեկ հարցրինք Կապանի քաղաքապետ, անկուսակցական Գևորգ Փարսյանին, որը 2018թ.-ի ընտրություններում հաղթեց ՔՊ-ական թեկնածուին:
«Ինչքան գիտեմ` վարչապետն այսօր է գալիս` գիշերը, որպես այդպիսին` դիմավորում պլանավորված չէ, բայց կարծում եմ՝ վաղը կհանդիպենք», - ասաց նա և ավելացրեց, որ, հավանաբար, մարզպետը պետք է դիմավորի, իսկ առավոտյան արդեն կտեղեկանան վարչապետի օրակարգի մասին:
Ի դեպ, Փաշինյանը հանգրվանել է Կապանից դեպի Քաջարան տանող ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում և ժամանել է մեքենայով․ եղանակի պատճառով ուղղաթիռով թռչել չի հաջողվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։