01/02/2020 14:24
«Իմ քայլի» յուրաքանչյուր պատգամավոր կանգնելու է պատասխանատվության առաջ. Ղազինյան
Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի մասին օրենքը ներկայացնում է ԱԺ պատգամավորը, ինչը Նիկոլ Փաշինյանի համար ունի կենսական նշանակություն, սակայն հարց է առաջանում ինչո՞ւ դա չի ներկայացնում կառավարությունը, ինչո՞ւ այդ ծանր պատասխանատվությունը գցում է պատգամավորի վրա, որովհետև հասկանում է, որ դա պետական կարգի կազմաքանդում է, «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Նիկոլ Փաշինյանը քավությա ն նոխազ է դարձնելու ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորիներին, այլև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա մի վայրկյան աչքը չի թարթի դա անելու համար, որովհետև այս կարգի, այս լրջության փաթեթը, որը ներկայացվել է, գալու է ինչ-որ ժամանակ, որ յուրաքանչյուրը կանգնելու է պատասխանատվության առաջ: Վստահ եմ, որ այդ նույն պատգամավորները շատ արագ գրանցվելու են միջազգային կազմակերպություններում կամ ԱՄՆ դեսպանատանը՝ քաղաքական ապաստան ուզելու», - ասել է Ղազինյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ պատգամավորները ցանկանում եմ ՍԴ-ին օրենքով դուրս մղել հանրաքվեի գործընթացից՝ իրավական աճպարարությամբ:
«Նրանք բավական երիտասարդ են, նրանց ապագան գուցե լավը լինի, եթե հասկանան պետության և պետականության նշանակությունը», - ասել է Ղազինյանը՝ ավելացնելով, որ եթե ԱԺ պատգամավորները խելամիտ լինեին, վաղուց դուրս կգային, քանի որ իրենք են պատասխան տալու, իրենց վրա է ընկնելու պատասխանատվության ողջ բեռը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշումը անվավեր է ճանաչվել և ԱԺ արտահերթը չի կայանա, ինչին նախորդել էին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ քննադատական գրառումը ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից: Նա նշել էր, որ Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության օրենքներում հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով:
Բացի այդ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն էլ գրել էր, որ իշխանությունն այնքան է շտապում ՍԴ կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ արտահերթը նշանակում է ավելի շուտ, քան իրավունք ուներ: