19/05/2020 13:50
Ինչ իրավիճակ տիրում է ժողովրդի մեջ, առաջին հերթին մենք ենք մեղավոր. Պարգև սրբազանը՝ հանրության մեջ տիրող ատելության մթնոլորտի մասին (Տեսանյութ)
Ամեն ինչում եկեղեցին մեղավոր է և ես դա անկեղծ եմ ասում։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին, թե արդյոք եկեղեցին էլ իր մեղավորությունը չունի, որ արդեն տևական ժամանակ է հասարակության մեջ մեծ լարվածություն, ատելություն ու թշնամամք կամ իրար հանդեպ, ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Ինչ-որ մի տեղ մենք թերացել ենք, ինչ-որ մի տեղ շատ չենք քարոզել, ժամանակին միգուցե չենք զգուշացրել կամ լավ տեղյալ չենք եղել, լավ չենք վերլուծել։ Իհարկե, ինչ իրավիճակ տիրում է ժողովրդի մեջ, առաջին հերթին մենք ենք մեղավոր։ Սա ես անկեղծ եմ ասում։ Մենք հոգևոր ծնող ենք, զավակների հետ այդպիսի բան է կատարվում՝ մեղավոր է ծնողը։ Սա անխուսափելի է և մեր մեղավորության բաժինը կա։ Ես բան չունեմ ասելու։ Կան և օբյեկտիվ պատճառներ, կան և սուբյեկտիվ պատճառներ։ Եկեղեցու պատճառով չէ, որ այս բաները ստեղծվել են. քաղաքական, տնտեսական գործիչների, չինովնիկների պատճառով։ Սրանք օբյեկտիվ պատճառներն են և դրանք պետք չէ բարդել եկեղեցու վրա։ Այլ բան է, եթե մեր ուժերը հերիքեր ավելի շատ հոգևորական ունենայինք, ավելի շատ տներ մտնեինք, ավելի շատ քարոզեինք միգուցե այդ պատկերն այլ կերպով դրսևորվեր։ Կա մեր մասնաբաժինը»,- ասել է Պարգև սրբազանը։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ եկեղեցին հաշտեցնող նախաձեռնություններով հանդես չի գալիս, Արցախի թեմի առաջնորդն ասել է, որ այնպես չէ, որ եկեղեցին նման նախաձեռնություններով հանդես չի գալիս։
«Ո՞վ ասաց չի գալիս, ես օրինակ մեր բոլոր կուսակցություններին, նախագահի թեկնածուներին հրավիրեցի առաջնորդարան, ասացի, որ գրավոր պետք է ստորգարեք, որ համերաշխ պետք է ընթանան մեր ընտրությունները, սահուն, ժողովրդավար ձևով, խրամատներ չփորվեն մեր ժողովրդի մեջ, բոլորդ իմ հոգևոր զավակներն եք։ Հետո ես հանդիպումներ եմ ունենում կուսակցությունների լիդերների հետ, թեկնածուների հետ համերաշխության կոչ եմ անում, ոմանց դիտողություն եմ անում, ոմանց սաստում եմ, ոմանց ուղղում եմ։ Ո՞վ ասեց, որ չենք միջամտում, այո, միջամտում ենք, ես կարող եմ մեր թեմի մասին խոսել, ուրիշ թեմերի համար ես իրավունք չունեմ խոսելու, չեմ տիրապետում», - ասել է Պարգև սրբազանը։