18/06/2020 17:14
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 29-ին՝ ժամը 14։10-ին։
Այսօրվա նիստի ժամանակ ԲԴԽ անդամներից Մեսրոպ Մակյանն ու Հայկ Հովհաննիսյանը ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրեցին, սակայն երկուսն էլ մերժվեց։
Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ ինքն Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի կրտսեր որդու քավորն է։ Բացի այդ, ինքն ու Աթանեսյանը երկար տարիների ընկերներ են։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե բոլոր հիմքերն առկա են, որպեսզի Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ ներկայացնի։
Տիգրան Աթանեսյանը, սակայն, նշեց՝ կարծում է, որ պետք է Մեսրոպ Մակյանի դիմումը մերժվի, քանի որ գործը վերաբերում է ոչ թե իրեն, այլ՝ դատավոր Ազարյանին։
Հայկ Հովհաննիսյանն էլ ինքնաբացարկի երկու պատճառաբանություն ներկայացրեց։
Դիմումը, որի հիման վրա վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, նմամատիպ բովանդակությամբ վարույթ հարուցվել է նաև իր նկատմամբ։ Բացի այդ, Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա, իսկ ինքը Սասուն Խաչատրյանի համակուրսեցին է եղել և մտերիմ կապեր ունի վերջինիս հետ։
Հիշեցնենք՝ կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։
Ալեքսանդր Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: