07/07/2020 14:02
Մեզ պետք չի սպառնալ, մեզ էնքան են սպառնացել, այդ թվում, նաև ձեր գիտությամբ. Քոչարյանի պաշտպանը՝ մեղադրող դատախազին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն անդրադարձավ մեղադրող դատախազների միջնորդությանը՝ նշելով, թե միջնորդության որոշ հատվածի բնութագրող բառը սուտն է։
«Այս ինֆորմացիային առնվազն իմ սերնդակիցների մոտ արձագանքը շատ կարճ էր լինում, որոշակի արտահայտություններով սահմանափակվում էին սուտ խոսք ասող անձի հասցեին ու անցնում էին առաջ», - ասաց Խուդոյանը։
Նրա այս հայտարարությունը դուր չեկավ մեղադրող դատախազներից Գևորգ Բաղդասարյանին։
«Հարգելի դատարան, կարգի եք բերում դատավարության մասնակցին, որովհետև ես իմ իմացած տերմինաբանությամբ կպատասխանեմ նրան, իմ տարեկիցների մոտ էլ տերմիններ կան, որոնք դուք չեք կարող իմանալ», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Արձագանքեց նաև Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Մեղադրող կողմը կիսասպառնալից, թե իրականում սպառնալից բաներ է ասում, մեզ պետք չի սպառնալ, մեզ էնքան են սպառնացել, այդ թվում, նաև ձեր գիտությամբ, որ արդեն էլ ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու, համ էլ իմացեք՝ ում եք սպառնում», - ասաց Հայկ Ալումյանը։