16/07/2020 09:20
«Հրապարակ». «Մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում, որ աշխարհը հասկանա՝ նախահարձակն Ադրբեջանն է։ Մեր ԱԳՆ-ի ուշացած հայտարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարության, անատամ էր և խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին, հետո էլ, չգիտես ինչու, անիմաստ ուրախանում, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է։ Այսինքն` դիվանագիտորեն ձախողված ենք, թեև բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են», - ասաց նախկին ուժայինը:
Բավարա՞ր էին մեր գերատեսչությունների քայլերն այս օրերին, մասնավորապես՝ դիվանագիտական․ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Այնքանով, որքանով ես տեղյակ եմ այդ գերատեսչությունների գործողություններից, կարծում եմ` բավարար էին։ Ինչ-որ բան չգիտեմ, որ կարելի էր անել և չի արվել, եթե նման բան լիներ, ինքս կոչ կանեի, որ անեին»:
Նույն հարցը տվեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ «Կարծում եմ` օպերատիվ աշխատանքները շարունակվում են, Հանրապետականը նույնպես հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի քանի կարևոր հետևություն պետք է անել. միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում: ՀՀ-ում արևմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին։ Ասել է՝ ներքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի առջև կանաչ լույս են վառում, իսկ արտաքինում աջակցություն չեն ցուցաբերում. Փաշինյանը պետք է հետևություններ անի»»: