07/09/2020 11:11
Հայաստանն ամենամեծ թվով ապօրինի ներգաղթյալներ ընդունում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Բելգիայից. Միգրացիոն ծառայության պետ
Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) ոլորտում Հայաստանի համար հատկապես կարևոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Բելգիայի հետ հարաբերությունները, քանի որ ամենամեծ թվով ապօրինի ներգաղթյալների հետընդունումը կատարվում է հենց այս երկրներից, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«2017-2018-ին ավելի շատ խնդիրներ կային Գերմանիայի հետ, բայց այժմ թրենդը փոխվել է և միգրացիոն հարցեր ավելի շատ Ֆրանսիայի հետ ունենք», - ասաց նա:
Արմեն Ղազարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ կորոնավիրուսային համավարակի ամիսներին եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և այս ընթացքում չարտերային թռիչքներով վերադարձ չէր իրականացվում:
«Այժմ սկսում ենք ազդակներ ստանալ, որ եվրոպական երկրների կողմից ցանկություն կա կազմակերպել այդպիսի չարտերային թռիչքներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Հայաստանը հետվերադարձի վավերացված համաձայնագրեր ունի երեք երկրի՝ Ֆրանսիայի, Չեխիայի և Էստոնիայի հետ:
Արմեն Ղազարյանն ընդգծեց, որ վերադարձած ապօրինի ներգաղթյալ ընտանիքներին վեց ամսվա կտրվածքով տրամադրում են 60 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու նպատակով, աջակցում ներդրումներ կատարելու և բիզնես սկելու գործում: