Եթե թվում է՝ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք. միջազգայնագետ
02/02/2021 10:37

Եթե թվում է՝ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արցախյան հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը:

Միջազգայնագետը կարծում է՝ Փաշինյանը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ, քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Բայց, ըստ Սարգսյանի, մի շարք հարցեր չեն գիտակցում:

«Նրա համոզմամբ՝ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «կա Արցախ՝ կա խնդիր, չկա Արցախ՝ չկա խնդիր»: Նա կարծում է, որ եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները, և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:

Չկա այն գիտակցումը, որ

1. Արցախի խնդիրը լուծված չէ:
2. Սին է այն կարծիքը, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու հայերի պարտությամբ (այնպես, ինչպես չէր հաստատվել Ադրբեջանի պարտությամբ):
3. Սին են այն հույսերը, որ տարածաշրջանը բարգավաճելու է:
4. Տարածաշրջանի բարդ լինելը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:
5. Այն պայմանավորված է թուրք-ռուսական հակազդեցությամբ, ԱՄՆ/Իսրայել-Իրան հակազդեցությամբ, ռուս-վրացական բարդ հարաբերություններով և այլն, և այլն:
6. Թուրք-հայկական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայի հարց չէ:
7. Հայ-ադրբեջանական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը անտեսանելի ապագայի հարց է: Նրանք վստահ են, որ հայերը մի օր ձգտելու են վերադարձնել Արցախը: Բնականաբար մենք շարունակելու ենք թշնամի համարվել նրանց կողմից:

Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք», - գրել է Սուրեն Սարգսյանը:

Եթե թվում է՝ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք. միջազգայնագետ