09/03/2021 09:53
«Ժողովուրդ». Վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գանգատվել են, որ իրենց անվտանգությունը վտանգված է: Ըստ թերթի տեղեկությունների՝ իմքայլականները փողոցներում վերջին ժամանակահատվածում հասարակության կողմից արժանանում են ագրեսիվ վերաբերմունքի, ու վերջին անգամ նույնիսկ միջադեպ է եղել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ:
Լավատեղյակ աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը ու մի քանի այլ պատգամավոր, որոնք տարբեր ժամանակահատվածում արժանացել են ժողովրդի ցասումին:
Թերթը տեղեկացել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորել է այդ հարցով դիմել ուժային կառույցներին, ոստիկանությունում հաղորդագրություններ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցերով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է նաև, որ եղել են պատգամավորներ, որոնք արդեն դիմել են ոստիկանություն իրենց վրա հարձակվողներից պաշտպանվելու համար։
Թերթը հիշեցնում է, որ «հարձակումներ» են եղել Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ինչպես նաև իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդուն էին փորձել ծեծի ենթարկել։