.jpg)
«Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին կմասնակցի այն ընտրակարգով, որին կողմ կքվեարկի «Իմ քայլը» դաշինքը. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարևոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և թափանցիկ, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Իսկ թե ո՞ր ընտրակարգով՝ համամասնական, թե ռեյտինգային, Նաիրա Զոհրաբյանը տվեց հետևյալ պատասխանը.
«Որ ընտրակարգը որ խորհրդարանական մեծամասնությունը քվեարկի և կընդունի, մենք այդ ընտրակարգով կմասնակցենք ընտրություններին։ «Բարգավաճ Հայաստանն» ունի այնքան վստահության քվե, որ երկու ընտրակարգի դեպքում էլ կարող է ստանալ համակիրների քվեն»։
Ինչ վերաբերում է ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու վերաբերյալ հարցին, Զոհրաբյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանն ընտրությունների վերաբերյալ մի քանի անգամ փոխել է իր տեսակետը.
«Ասել է՝ գնում ենք արտահերթ ընտրությունների, հետո ասել է, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, ես չեմ կարող միանշանակ պնդել, որ վաղը կամ մյուս օրն ինչ-ինչ պատճառաբանություններով կարող է բան փոխվել։ Բայց այս պահին մենք ելնում ենք քաղաքական «ջենթլմենական» պայմանավորվածություններից, որ երկրում ստեղծված ճգնաժամի լեգիտիմ սահմանադրական հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»։