12/04/2021 15:00
Երևանի պետական համալսարանը փլուզվում է
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներից մի քանիսը դիմում են գրել դադարեցնելու իրենց անդամակցությունը։
«Չեմ կարող ստույգ թիվ ասել, թե քանի հոգի է հրաժարվել, ինչպես նաև պատճառը չեմ կարող ասել։ Կարող եմ ենթադրություն անել, որ նախարարությունն անիմաստ ժամանակ է ձգում, որովհետև անելիք ու ասելիք չունի ԵՊՀ-ի վերաբերյալ։ Հաշվի առնելով նախկին փորձը, որ մի անգամ հոգաբարձուների խորհուրդ ձևավորվեց 8 ամիս ուշացումով, հաջորդ անգամ ձևավորվեց 3-4 ամիս ուշացումով։ Ակնհայտ է, որ սրանով կառավարությունը մի կես տարվա ընդմիջում է վերցնում և կես տարի ևս ԵՊՀ-ն կաթվածահար վիճակում է լինելու», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Նա նշեց, որ դեռ նախորդ տարեվերջին հոգաբարձուների խորհուրդը պետք է հաստատեր ռեկտորի հաշվետվությունը նախորդ ուստարվա համար։
«Սովորաբար դա տեղի էր ունենում դեկտեմբերի վերջին։ Ապրիլի կեսն է արդեն, բայց դեռևս հաշվետվությունը հաստատված չէ։ Եթե սա աշխատի և ևս մի կես տարի հոգաբարձուների խորհուրդ չունենանք, նշանակում է, որ 2019-20 ուս տարվա հաշվետվությունը հաստատված չի լինելու, ինչը կանոնադրության խախտում է։ Որպեսզի ռեկտորը շարունակի պաշտոնավարել, հոգաբորձուների խորհուրդը պետք է հավանություն տա նախորդ տարվա հաշվետվությանը»։
Հարցին, թե այս ամենն ի՞նչ հետևանք կարող է ունենալ, Գևորգ Էմին-Տերյանը պատասխանեց.
«Երևանի պետական համալսարանն այսպես քիչ-քիչ փլուզվում է»։