08/09/2021 14:42
«Առուշանյանի ապրածն ու արածը բավական է, որ ժողովուրդը նորից վստահության քվե տա». Գորիսի կալանավորված քաղաքապետը կմասնակցի ընտրություններին
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, Aysor.am-ին այս մասին ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Առուշ Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները դաշինք են կազմել, դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը», - նշեց պաշտպանը։
Թե ինչպես են պատկերացնում Առուշանյանի մասնակցությունն այս ընտրություններին այն պայմաններում, երբ վերջինս կալանքի տակ է, փաստաբանն ասաց, թե խնդիրներ, այո, կան, բայց այս պայմաններով էլ փորձելու են գնալ ու մասնակցել ընտրություններին։
«Կարծում եմ՝ Առուշանյանի ապրածն ու արածը բավական է, որ ժողովուրդը նորից իր վստահության քվեն տա հենց այս թիմին», - ասաց Գորիսի քաղաքապետի պաշտպանը։
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենալու Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը։
Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: