21/10/2021 09:58
«Հրապարակ». ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգևել Հայկ Մարությանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգևել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից և արտահերթ ընտրություններ անցկացնել Երևանում։
Գյումրիի և Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երևանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի հաղթանակ տանելը, ինչը նշանակում է, որ Մարությանը կպաշտոնավարի մինչև իր ժամկետի վերջին օրը: Ինքը` Մարությանը, իր շրջապատում հույս է հայտնել, որ Երևանի թեման այս ընտրություններով վերջնականապես փակվեց:
Նշենք, որ իշխանության ներսում այնպիսի նեգատիվ վերաբերմունք կար Մարությանի նկատմամբ, որ քննարկում էին վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ անելու և, ասենք, Փարաքարը Երևանին միացնելու միջոցով նոր ընտրություններ անցկացնելու հարցը»։