18/11/2021 15:31
Դեմարկացիա-դելիմիտացիա ինչո՞ւ ես անում, եթե առանց դրա էլ ասում ես՝ «Ադրբեջանի տարածք» է. ՀՀԿ խոսնակը՝ Փաշինյանին
Հայաստանի սուվերեն տարածքից 41 քառակուսի կիլոմետրը տրված է, զիջած է Ադրբեջանին՝ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյան կապիտուլյանտի օրոք, արձագանքելով նախօրեին խորհրդարանի հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա չափազանց վտանգավոր համարեց հատկապես Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո»։
«Դեմարկացիա-դելիմիտացիա էլ ինչո՞ւ ես անում, եթե առանց դրա էլ, ինչ կա, չկա՝ բոլորն ասում ես՝ «Ադրբեջանի տարածք» է։ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը «Ադրբեջանի տարածք» է, Սև լիճը «Ադրբեջանի տարածք» է, մաքսակետերն «Ադրբեջանի տարածք» են։ Բա դեմարկացիան ինչո՞ւ ես անում», - ասաց Շարմազանովը։
Նա շեշտեց՝ Արցախը ևս ժամանակին Սովետական Ադրբեջանի տարածքում է եղել։
«Այս մարդն ուզում է ասել, որ Վազգեն Սպարապետը, Կոմանդոսը, «Օսկոլկա» Աշոտը, Դուշման Վարդանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովը, բոլոր մեր հերոսները «ագրեսոր» են, ադրբեջանական տարածքների «օկուպանտներ» են։ Սա է նրա ասածը։ Մենք Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ազատագրել ենք մեր հայրենիքի և՛ Շուռնուխի, և՛ Սյունիքի, և՛ Վայոց ձորի հատվածները, և՛ մեր հայրենիքի արցախյան հատվածը։ Շուտով կասի՝ մեղավորը ես չեմ․ այ, եթե 88 թվականի Ղարաբաղյան շարժումը չլիներ, մարդիկ չէին զոհվի։ Դրան է հասնում ինքը», - ընդգծեց Շարմազանովը։