22/11/2021 10:50
Երևանում երթևեկությունը կաթվածահար է. ակցիայի մասնակիցները Փաշինյանից պատասխաններ են պահանջում
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում քաղաքացիների տարբեր խմբեր բողոքի ակցիա են իրականացնում՝ իրազեկելու, որ ժամը 17։00-ին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց։
«Հավաքվելու ենք տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։ Էս գործընթացների հետ կապված ուզում ենք բողոքի ձայն բարձրացնել։ Էնքան ենք քնելու, որ արդեն գերտերություններն են առանց մեզ որոշում, թե մեր հետ ինչ անեն։ Տանը նստելով հարց չի լուծվելու։ Այսօր եթե նույնիսկ իշխանությունը գնում է բանակցությունների, պետք է իմանա, որ ժողովուրդը պահանջատեր է», - ասաց ակցիայի կազմակերպիչներից «Զարթոնք» կուսակցության համահիմնադիր Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իրենք արթնացման կոչ են անում, իսկ ոստիկանությունն, առանց իրավական հիմքերի, խոչընդոտում է բողոքի ակցիան։
Նշենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 18 մասնակցի։
Հիշեցնենք՝ ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում, քաղաքացիները պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը, հրապարակային պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: