24/01/2022 14:30
Արմեն Սարգսյանի ակնարկն ուղիղ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին. քաղաքագետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը վաղուց էր հասունանում։ Նրա հրաժարականի տեքստը բավականին անկեղծ էր, որտեղ նախագահը շատ հստակ նշում է պաշտոնը թողնելու պատճառը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Կարծում եմ՝ հրաժարականի տեքստի ամենաառանցքային նախադասությունն այն է, որտեղ Արմեն Սարգսյանն ասում է, որ նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ։
Հասկանալի է, որ ակնարկն ուղիղ կերպով վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանն ասում է, որ իրեն հնարավորություն չեն տվել իր լիազորություններն օգտագործել հանուն պետության շահերի, որովհետև դրանից վտանգ են զգացել, համարել են, որ իր վարկանիշը կբարձրանա, և ինքը կհավակնի իշխանության ավելի լուրջ լծակների», - ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ երեկ տարածած հրաժարականի տեքստում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր՝ շատ երկար է մտածել և որոշել է մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
«Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», - գրել էր նա՝ ներկայացնելով հրաժարականի դրդապատճառները։